«Հին աստվածներ»․ Լեւոն Շանթ

Անկեղծ ասած, մինչ դրաման ընթերցելը բացարձակապես չէի պատկերացնում, որ ուղղակի կսիրահարվեմ այս ստեղծագործությանը։ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրաման մի մեծ բացահայտում էր ինձ համար։ Բառերով հնարավոր չէ նկարագրել կարդալու ընթացքում ապրած ամեն մի զգացմունքը, ապրումը։ Փորձել եմ հնարավորինս հասկանալի ներկայացնել ապրումներս ու տպավորություններս։

Շանթն իր «Հին աստվածներ» դրամայում արծարծել է ամենավիճելի մտքերը։ Սա պատմություն էր ֆիզիկականի և հոգևորի «մրցակցության», ինչու ոչ, նույնիսկ կապերի մասին։ Կարդալիս միայն մի հարց է տանջում․ կարո՞ղ է մարդը՝ մարդ հասկացությունը, ապրել, գոյություն ունենալ միայն հոգևորով՝ հրաժարվելով ֆիզիկականից, և նույնն էլ հակառակը։ Երբ ավարտում ես ընթերցելը, իսկույնևեթ ստանում ես հարցիդ պատասխանը։ Մարդը չի կարող ապրել միայն մեկով՝ հոգևորով կամ ֆիզիկականով։ Միայն հոգևոր կյանքով ապրելը, հենց հոգևորի մասին մտածելը կարող է քեզ տանել կործանման, թեև, քո կարծիքով, դա էր փրկությունդ։ Մարդկությունից կտրվելը, մութ, անլույս սենյակում փակվելն ու արևի շող չտեսնելը չեն օգնելու քեզ աշխարհիկ կյանքից կտրվելու, այլ կործանելու են։ Նույնիսկ այդ սենյակում փակված ու աշխարհիկ կյանքից կտրված, մտածելու ես աշխարհիկ կյանքի մասին, և դրա մասին հիշողությունները հանգիստ չեն թողնելու քեզ։

Դրամայի գլխավոր հերոսները երկար տարիներ իրենց բնականոն կյանքն ապրելուց հետո բախվեցին այս խնդրին․ ո՞րն է իրականում ճիշտը։ Իրենց համար մի ճիշտ կար՝ գերագույնն Աստված էր։ Իսկ ինչպե՞ս էին որոշում և ո՞վ էր որոշում, թե ով է Աստված իրենց համար կամ ընդհանրապես, ինչ են ուզում իրենք։ Վանահայրն իր երիտասարդությունն ապրել է աշխարհիկ կյանքով։ Սիրել էր, սիրվել ու այդ հիշողություններն իրեն հանգիստ չէին տալիս և չէին էլ տալու։ Նա այդ ամենից ցանկանում էր հրաժարվել, չընդունել իրականությունը, բայց չէր ստացվում։ Այս մասին փաստում է Վանահոր և ճերմակավորի զրույցների հատվածները։ Ճերմակավորի կերպարը մարմնավորում էր ոգին։ Սա Վանահոր հոգեբանական երկրորդ բևեռն էր և, իմ կարծիքով, ամենամաքուրը, ամենաանկեղծը։

Դրաման նաև ինչ-որ չափով ներկայացնում էր «մրցակցությունը» Աստծո և կնոջ միջև։ Այսպես սկսեցի մտածել, երբ ընթերցեցի Վանահոր և Մարիամ իշխանուհու զրույցի հատվածները։ Երիտասարդ տարիներին նրանք սիրել են միմյանց, և ըստ իշխանուհու՝ դա ամենամաքուր սերն էր, որ կարող էր երբևիցե լինել։ Իշխանուհին իմաստավորում էր սերը, որը ըստ դրամայի, իր հավատն էր: Վանահայրն այդպես չէր կարծում։ Վանահոր հավատն Աստված էր՝ Տերը։ Նա չէր ուզում ընդունել իր և Մարիամի սերը, քանի որ համարում էր դա Աստծո կողմից անընդունելի, բայց հոգու խորքում հասկանում էր, որ այդպես չէ։ Վանահայրն անգամ չէր ցանկանում ընդունել այն փաստը, որ իրենց կառուցած եկեղեցին նվիրված է ոչ թե Մարիամ Աստվածածնին, այլ Մարիամ իշխանուհուն։ Սակայն, կյանքի վերջին տարիներին աշխարհիկ կյանքից ընդմիշտ հեռացած Վանահայրը ստիպված եղավ ինքն իրեն խոստովանել, որ իշխանուհին է եղել իր ապրելու իմաստը։

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այո, այդ քու եկեղեցիդ նվիրված է ոչ թե Մարիամ Աստվածածնին, ան նվիրված է քու Մարիամ իշխանու – հիիդ: Ըսե, ճիշտ չէ՞:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կեցած է լուռ գլխահակ):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ըսե, ճիշտ չէ՞:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է ու գլխահակ):
Անկյունը հանկարծ կերևա Ճերմակավորը:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Ըսե, ճիշտ չէ՞:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կցնցվի, կուղղվի ու հայացքը Ճերմակավորին հառած կքարանա):

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ի՞նչ եղավ քեզի:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ –Ըսե, որո՞ւն է նվիրված այն եկեղեցին, այն քու նոր շինած եկեղեցին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Ըսե, պետք է որ ըսես, պետք է խոստովանիս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խորտակված): Այո: Ճիշտ է: Այդ…եկեղեցին նվիրված է հին աստվածներուն:

Մի քանի բառով ցանկանում եմ անդրադառնալ նաև Աբեղայի կերպարին։ Աբեղան Սեդայի կյանքը փրկելուց հետո սկսում է ապրել պատրանքում՝ տեսիլքների աշխարհում։ Երբ Աբեղան փրկում է Սեդային Սևանում խեղդվելուց, հպվելով նրան, հայտնվում է ծանր մտատանջությունների մեջ։ Մի կողմից խախտել էր վանական կյանքի սուրբ օրենքը, որի համար իրեն «կորսված մեղավոր» էր համարում, մյուս կողմից՝ նրա աչքի առջև բացվել էր աշխարհիկ կյանքի գեղեցկությունը: «Ես կորսված մեղավոր մըն եմ, փրկե ինծի, Տեր, ես ինկած հանցավոր մըն եմ, օգնե ինծի, Տեր, մեղքի մեջ խեղդվող մըն եմ, բռնե ձեռքես, Տեր: Տես, մեղքի ծովուն մեջ… մեղքի ծովուն մեջ… ծովուն… ծովուն… (Երկու ձեռքով դեմքը բռնած կելլե ոտքի)» Այս խոսքերով նա խնդրում էր Աստծուն, որ ների իրեն։ Աբեղան իր սիրո մասին Վանահորն ու մյուսներին է պատմում։ Բոլորը մերժում են իրեն, և միակ լուսավոր կետը երազների ու տեսիլքների մեջ Սեդային ժամանակ առ ժամանակ հանդիպելն էր։ Հոգևոր աշխարհի կողմից մերժում ստանալուց հետո, Աբեղան սկսում է տենչալ սիրո վայելքի ազատությունը, մերժում է ամեն տեսակ աստվածներին, տրվում է աշխարհիկ կյանքին։ Աշխարհիկությունն ամբողջովին վայելելու և իր Սեդային հանդիպելու համար նետվում է ջուրը՝ հոգևոր կյանքից հրաժարվելով։ Ուրիշների աչքին նա խելագարի անուն ձեռք բերեց, բայց իր համար՝ դա Սեդային հասնելու ճիշտ ճանապարհն էր։

«Մահը աս է, հոս, այ, այս ձեր անապատը, այս վախի ու մեռելության կյանքը, իսկ հոն ազատ է, հույզն ու շարժումը, հոն կյանք է, և ես կուզեմ կյանքին գիրկը… (Հանկարծ ուժով մը կհրե, կնետե գետին) Հեռու ճամփես: Ես կուզեմ ապրիմ: Սեդա… (Կնետվի ծովը)»:

Միլենա Քամալյան

Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,147 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Դեկտեմբերի 2022
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,147 hits
  • Հեղինակներ