Խելահեղ արարքներ, որ կատարել են տղամարդիկ հանուն կանանց

Հայկազ

Հայկազ Մարգարյան

Հայկազ Մարգարյան

Այս մարդիկ՝ միլիոնատերեր և զինվորականներ, արքաներ ու նկարիչներ, մարզիկներ ու հակերներ,հանուն կանանց խենթ արարքներ են կատարել, կանգ չառնելով ոչնչի առաջ:
Կանայք իզուր են բողոքում տղամարդկանցից: Հանուն նրանց տղամարդիկ գնացել են ամենաանհավանական զոհողությունների՝ չխնայելով ո՛չ կյանք, ո՛չ ապրուստ, ո՛չ իշխանություն: Դե, երբեմն կանայք էլ են զոհաբերել իրենց կյանքն ու ինչքը, երբ վտանգվել են երեխաները կամ նոր գեղեցիկ կոշիկները, բայց, համաձայնեք, որ դա այն չէ, ինչին ընդունակ են տղամարդիկ հանուն իրենց սրտի հատորի: Նման դեպքերում տղամարդիկ առաջնորդվել են սրտով, իսկ կանայք՝ մայրական ու սեփականատիրական բնազդով: Սրանք, ինչ խոսք, տարբեր բաներ են: Ահա համոզվեք ինքներդ.

Հանուն Հեղինեի
Ք. ա. XΙΙΙ դարը նշանավորվեց Տրոյայի կործանումով: Այդպիսի գին վճարեց Տրոյայի արքայազն Պարիսը Սպարտայի արքա Մինելայոսի կնոջը՝ գեղեցկուհի Հեղինեին առևանգելու համար: Տասնամյա պաշարումից հետո քաղաքը հրի ու սրի մատնվեց: Ոչնչացվեց նաև թանկարժեք փայտի մեծ քանակություն, որից հույները ձի էին կառուցել: Սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց՝ Պարիսին սպանեցին, Հեղինեն վերադարձավ Մինելայոսի մոտ, իսկ Աքիլլեսի դերակատար Բրեդ Փիթը 17 միլիոն դոլար հոնարար ստացավ ֆիլմին մասնակցության համար:

«Լադայի» դարպասապահը
Ռուսական Տոլիատի քաղաքի հոկեյի «Լադա» թիմի դարպասապահ Ժան – Ֆրանսուա Լաբբեն 2003 թ. մի գեղեցիկ օր առանց հարցնելու լքեց թիմը և վերադարձավ Կանադա՝ սիրելի կնոջը տեսակցելու: Չնայած դրա համար նա բազմամիլիոն տուգանք վճարեց թիմին, սակայն տիկին Լաբբեն շատ գոհ էր և հաջորդ օրը ծննդաբերեց ու երկվորյակ պարգևեց ամուսնուն:

Եգիպտական մահապատիժներ
Կարծիք կա, որ Պատմությունը գրում են ցինիկներն ու ռոմանտիկները: Առաջինները ստեղծում են ճշմարտանման պատմական լեգենդներ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից կառավարողներին՝ երկրորդները ոգևորված գովերգում են նրանց ստեղծագործությունները: Սա նկատի ունենալով՝ հնարավոր է, որ եգիպտական Կլեոպատրա թագուհին իրականում եղել է կարճահասակ ու հաստլիկ, ծանրաբեռնված պետական, քաղաքական գործերով, տանջված հարթաթաթությունից, ով ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն է ունեցել սեքսով զբաղվելու, մինչդեռ Պատմությունը մեզ հայտնում է, որ Կլեոպատրան կրքոտ, սևաչյա գեղեցկուհի է եղել, պատրաստ տրվելու ամեն մի տղամարդու՝ թեկուզ աղքատի, փերեզակի կամ իր պալատի ոսկե խողավակները նորոգելու եկած սանտեխնիկի: Պայմանը մեկն էր՝ հեքիաթային գիշերվան հաջորդած առավոտը թագուհու առագաստում երջանկացած տղամարդուն ցած պիտի նետեին ժայռից: Սակայն ինչպես նշում է հռոմեացի պատմիչ Դիոն Կասիուսը «անթիվ, անհամար էին այն խենթերը, ովքեր պատրաստ էին կյանքը տալ թագուհու հետ մի գիշեր անցկացնելու համար»: Ժողովրդի ու իշխանության այս ներդաշնակ կապը 20 տարի տևեց, մինչև այն դժբախտ պատահարը, երբ թունավոր օձերը խայթեցին Կլեոպատրային: Դա Քրիստոսից առաջ 30 թվականին էր:

Ինչի են ընդունակ արքաները
Մեծ Բրիտանիայի արքա Էդուարդ VΙΙΙ ուներ ամեն ինչ՝ տիտղոս, հարստություն և դրան գումարած մի ամբողջ թագավորություն: 1930 թ. դեռևս արքայազնի կարգավիճակ ունեցող Էդուարդը ծանոթացավ Ուորդֆիլդի կոմսությունից Ուոլլիս Սիմփսոն անունով մի կնոջ հետ: Լավագույն սիրավեպի ավանդույթով շուտով նրանց մեջ բուռն զգացմունք առաջացավ: 1936 թ., երբ մահացավ Գեորգ V-ը, Էդուարդը գահ բարձրացավ, բայց ինչպես վայել է իսկական ջենտլմենին, չմոռացավ Ուոլլիսին և որոշեց անպայման ամուսնանալ նրա հետ, չնայած այդ կինը թագավորական արյան ոչ մի կաթիլ էլ չուներ, բացի դրանից էլ ամուսնացած էր, ինչը անգլիական օրենքների համաձայն անհաղթահարելի արգելք էր ամեն մի կնոջ համար, ով ուզում էր ամուսնանալ թագավորի հետ: Պառլամենտը սարսափի մեջ էր: Արքայական ընտանիքի անդամները բռերով վալերյանի հաբեր էին խմում: Արդյունքում Էդուարդ VΙΙΙ – ին վերջնագիր ներկայացվեց՝ կամ ամուսնանալ սիրած կնոջ հետ, կամ նստել գահին: Էդուարդը կատարեց իր ընտրությունը: Ուոլլիսը ամուսնալուծվեց, իսկ Էդուարդը հրաժարվեց գահից հօգուտ իր եղբայր Գեորգ VΙ: Ուոլլիսն ու Էդուարդը ամուսնացան և երկար ու երջանիկ ապրեցին մինչև 1972 թվականը, երբ մահացավ Էդուարդը:

Երբ ահմանն արգելք չէ
Հանուն կանանց տղամարդիկ դիվերսիոն ակտեր էլ են կատարել: Մի զինվորական, որ հեռավոր 1986 թ. ընտանիքով ապրում և ծառայում էր Մոնղոլիայում, գործուղվում է հայրենիք՝ Սովետական Միություն: Ահա ինչ է պատմում նա. « Մոտենում էր Մարտի 8 – ը, և ես որոշեցի այդ օրը լինել տանը՝ ինչ գնով էլ որ լինի»: Դրա համար նա անօրինական կերպով անցնում է սովետա – մոնղոլական սահմանը, ոտքերին և ձեռքերին եղնիկի կճղակներ կապելով և չորեքթաթ անցնելով մերձսահմանային վարած հողը: «Մարտի 8 – ի առավոտյան հայտնվեցի տանը, մեծ ուրախություն պատճառելով կնոջս, իսկ երեկոյան ստիպված էի նույն ճանապարհով և նույն եղանակով հետ գնալ: Բախտս բերեց, չբռնվեցի»: Այո, իրոք, ռիսկը շատ մեծ էր, բռնվելու դեպքում կդատապարտվեր 10 – 15 տարվա ազատազրկման:

Համացանցային սիրավեպ
Հանուն քենիացի սևամորթ ճկուն գեղեցկուհի Անկե Ջոնի սիրու շոտլանդացի երաժիշտ Իան Հենդերսոնը մեծ ծախսերի տակ ընկավ՝ 17000 ֆունտ ստեռլինգ, և գրավի տակ դրեց իր համար ամենաթանկ իրը՝ պարկապզուկը, որով նա վաստակում էր իր հացը: Անկեն խոստացել էր թռչել նրա մոտ, բայց ամեն անգամ մի բան խանգարում էր: Մեկ մալարիայի համաճարակ էր, մեկ մաքսատանն էին խնդիրներ առաջանում կամ էլ բատատի բերքահավաքն էր խանգարում և այսպես անվերջ: Եվ ամեն անգամ նա փող էր պահանջում Հենդերսոնից: Վերջապես,մեղմ ասած, այս ապուշը հասկացավ, որ իրեն ուղղակի խաբում են: Հազարավոր մարդիկ են ընկել ինտերնետային խարդախների ցանցը: Անկեն այդպես էլ չեկավ Շոտլանդիա: Իրականում նա գոյություն էլ չուներ: Հիմա այս խենթ (թե հիմար) շոտլանդացին փորձում է դատարանի միջոցով հետ բերել իր փողերը և նրա շանսերը հավասարվում են զրոյի, քանի որ խաբեբաների ոչ անունն ու հասցեն է հայտնի, ոչ էլ երկիրը:

Ճանապարհա – տրանսպորտային սիրավեպ
Ամեն անգամ անգլիացի Քոլին Օ՛ Նիլը համառորեն ավտոմեքենան կանգնեցնում էր չթույլատրվող տեղում, որպեսզի արժանանա հմայիչ ավտոտեսուչ Դորիս Լեմոնի ուշադրությանը: Ավաղ, Դորիսի ուշադրությանը նա արժանացավ միայն երկու ամիս անց, երբ տուգանքի գումարը հասավ 37000 ֆունտ ստեռլինգի, չհաշված 110 ժամ կատարած հասարակական աշխատանքները, որ նա կատարել էր որպես պատիժ: Քոլինը հասավ իր նպատակին, և Դորիսն ամուսնացավ նրա հետ: Հարսանիքից հետո կինը հայտարարեց. «Եթե Քոլինը շարունակի խախտել երթևեկության կանոնները, ես, միևնույնն է, կշարունակեմ տուգանել նրան, եթե, նույնիսկ դրա վրա ծախսվի մեր ընտանեկան ողջ բյուջեն»:

Հանուն կնոջ վիզ կոտրողը
1991թ., երբ նկարահանվում էր ամերիկյան «Դոկտոր Քուին, կին և բժիշկ» սերիալը, դերասան Ջո Լենդոն իր խաղընկերուհի Ջեյն Սեյմուրի ուշադրությունը գրավելու համար որոշեց՝ կասկադյորի փոխարեն ինքը կատարի տրյուկը և ձիու վրա թռչելիս վրիպեց ու վայրէջք կատարեց ձիու կողքին՝ ասֆալտին, վզի վրա: Ջեյնը դրանից շատ զգացվեց. «Երբ Ջոն դուրս գրվեց հիվանդանոցից, մեր մեջ գեղեցիկ սիրավեպ սկսվեց, Ջոն տաղանդավոր դերասան է, նույնիսկ, երբ կինոխցիկը ինձ վրա է ուղղված, միևնույնն է, նա խաղում է ողջ ուժով ու անմնացորդ՝ չխնայելով ո՛չ էներգիա, ո՛չ զգացմունք: Ես միշտ լիցքավորվում եմ նրանից»: Սակայն Ջեյնը գերադասեց ամուսնանալ ռեժիսիոր Ջեյմս Քիչի հետ: Ինչ արած, այդպես էլ է լինում:

Ծննդյան տոնի նվեր
Նապոլեոն Բոնապարտը կնամեծար տղամարդ էր: Երևի դա էր պատճառը, որ երբ նրա ընկերուհի (թե՞ սիրուհի) Ժոզեֆինան իր ծննդյան օրը մի փոքրիկ ու հասարակ նվեր խնդրեց, որ ցանկալի էր լիներ նրա ձեռքով պատրաստած, 1799 թ. Նապոլեոնը նվաճեց Սիցիլիան և նվիրեց Ժոզեֆինիային, նրան դարձնելով այդ կղզու տիրուհին:
Նվիրում եմ քեզ իմ մի մասնիկը

Ֆրանսիական Առլի քաղաքի հասարակաց տներից մեկում ապրում էր Ռաշել անունով մի պոռնիկ (մեղա քեզ, Տեր): Նկարիչ Վան Գոգը այնպես էր սիրահարվել այդ կնոջը, որ որոշեց նրան նվիրել իր մի մասնիկը: ԵՎ 1888 թ. դեկտեմբերյան մի սառնաշունչ գիշեր նա եկավ Ռաշելի մոտ և հանձնեց թաշկինակի մեջ փաթաթած ածելիով կտրած իր ականջը՝ ասելով. «Պահպանեք այս իրը որպես հիշատակ»։ Սակայն Ռաշելը, որ արվեստից ու երևակայությունից հեռու մեկն էր, ըստ արժանի չգնահատեց այդ զոհողությունը և սարսափած հրաժարվեց նվերից:

Առատաձեռն գծուծը
Միլիոնատեր Ջոն Ջեկոբ Աստրը համարվում էր ամենագծուծը ամերիկյան հարուստների շրջանում: Նրա ագահության մասին լեգենդներ էին պատմում: Ասում էին, որ նա տանը միայն չոր հաց է ուտում, մինչդեռ հյուր գնալիս պինդ ճաշում էր: Շրջում էր ծակ գուլպաներով, կիսամաշ վերարկուով և այլն: Սակայն 1912 թ. Ջոն Ջեկոբն ապացուցեց, որ նրա գծուծության մասին բոլոր լուրերը կեղտոտ ստեր են և զրպարտություն: «Տիտանիկի» խորտակման ժամանակ, երբ նա արդեն գտնվում էր փրկարար մակույկի մեջ, վերցրեց ու իր տեղը զիջեց մի կնոջ: Հասկանալի է, որ այդ կինը փրկվեց, իսկ Ջոն Աստրը խորտակվեց նավի հետ միասին:

Հնդիկի մատը
40 – ամյա մի հնդիկ պարոն Հունասեկարան անունով հանուն նահանգապետ տիկին Ջալայլալիտա Ջեյրամի առողջության ու հաջողության կտրեց իր ճկույթն ու նվիրեց տաճարին, որ աստվածները բարեհաճ գտնվեն իր համակրած տիկնոջ նկատմամբ: Աստվածները՝ չգիտեմ, բայց նահանգապետ տիկինը չընդունեց կրքոտ երկրպագուի բացառիկ զոհողությունը և հրամայեց վիրաբուժներին նորից կարել ճկույթը: Սա առաջին դեպքը չէր: Դրանից առաջ մի այլ պարոն հանուն տիկին Ջալայլալիտաի Հինդի տաճարին էր զոհաբերել լեզվի ծայրը:

Սեր, բանտ և կախարդական վիրուսներ
2003 թ. 19 – ամյա բելառուս Վիկտոր Գրաչովը մեկ միլիոն դոլար ծախսեց, որ Օլգա անունով մի աղջկա ուշադրությանն արժանանա: Սկզբում տղան աղջկան դուր չէր գալիս, բայց երբ իմացավ, որ Վիկտորը հակեր է՝ հետաքրքրվեց նրանով: Օլգան խնդրեց նրան որևիցէ բանկ թալանել: Տպավորություն թողնելու համար տղան համաձայնեց: Ջարդելով մի քանի խոշոր ամերիկյան բանկերի սերվերներ, Բիկտորն սկսեց յուրաքանչյուր հաշվից 200 – ական դոլար հանել և ուղարկել Օլգային: Սակայն հետո նա սխալ թույլ տվեց: Գնաց ԱՄՆ, որպեսզի վերցնի այն երկու միլիոն դոլարը, որ հանել էր Citibank – ից: Հակառակի պես այդ օրը բանկը կանխիկ գործարք չէր կատարում և Վիկտորը ձերբակալվեց դրամն կանխիկացնելու պահին: Այժմ նա նստած է ամերիկյան բանտում և Օլգան նրան գեղեցիկ նամակներ է գրում Ով գիտի, գուցե իսկապես սիրահարվել է:

 

Աղբյուրը՝ Հայկազ Մարգարյանի բլոգը։

Նախորդ գրառում
Հաջորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

1 մեկնաբանություն

  1. Շնորհակալություն
    Օրագիր ֆանտաստիկ
    Good luck
    ………………….
    http://www.8ii.in

    Պատասխանել

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 44,923 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Օգոստոսի 2014
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 44,923 hits
  • Հեղինակներ